Մունք

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
Լեռները դարձրու հավերժի արձան,
Գետերը՝ զնգուն տավիղների լար:
Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,
Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,
Արծիվներ՝ թառած լեռան կատարին,
Արտույտներ՝ երկնի լազուրով արբած:
Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,
Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,
Որ անզոր էին ջնջել սրտերից-
Աշխարհակործան յաթաղաններով:
Եվ ծռությունը նկարիր նաև
Ու մերկությունը ծռված աշխարհի,
Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել
Այս պատմությունը երկերեսանի:
Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
Տրորված օտար կրունկների տակ,
Ոգին նկարիր Մելիք Ավանի
Ու մեր լինելու ձգտումը արդար:
Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին:
Որ մենք ենք ահա  ու մեր լեռները,
Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ:
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,
Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ:

1983 թ.

* * *

Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել,
Բայց ես ուղտ չէի, այլ՝ արշավաձի,
Հետո փորձեցին ինձ քեզնից պոկել,
Դարձնել թևատված, անարգված արծիվ:

Ես ամուր էի լեռներդ գրկել,
Քո հողի մեջ էր ուժն իմ առնացի…
Չկարողացան ինձ քեզնից պոկել,
Բայց քեզ ինձանից ինչպե՛ս պոկեցին:

Այդպես պոկում են սիրտը մարմնից,
Այդպես հոգին են հավատից վանում,
Այդպես խլում են լույսը աչքերից,
Այդպես հավատն են միայն սպանում:

Եվ կա՞ ավելի պատիժ մի դաժան,
Քան այս զրկանքը բիրտ ու ահավոր,
Երբ հողիդ վրա տերդ չես քո տան,
Քո տնկած ծառը ու՞մ է հարկավոր:

* * *

Թե իմ Մռավ սարից զատվեմ
Եվ ծուռ նայեմ Շաղասարիս-
Առվի նման պիտի հալվեմ,
Մնամ իմ կես ճանապարհին:

Թե որ լքեմ Գանձասարս,
Ջրաբերդս՝ լեռան արծիվ-
Կչորանա թթի ծառս,
Գտիչ վանքը ինձ կանիծի:

Թե իմ Կիշկում ծաղկաժպիտ
Բուն չունենա հավքը գարնան-
Սևաձորիս ժայռերը բիրտ՝
Սրտիս ծանր սար կդառնան:

Թե որ թողնեմ ճաք տա պատս,
Ցամաքի մեր դռան առուն-
Հարյուր պատան մաշած պապս
Շուռ կգա իր գերեզմանում:

Թե հանդերն այս չնաշխարհիկ
Ու լեռները թողնեմ անտեր-
Ամպրոպագոռ մեր Քիրս սարի
Կայծակները ինձ կշանթեն:

Թե որ դառնամ ես տարագիր
Ու ոտքիս տակ հող չունենամ-
Ղարաբաղս կաղաղակի.
– Քեզ պես որդին թող չունենամ:

1984 թ.

***

Հիմի է՞լ լռենք…

Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հիմա է՞լ լռենք, եղբայրք, հիմա է՞լ,
Երբ թուրքը եկել, մտել տունը մեր,
Ոտնատակ տվել այգի ու պարտեզ,
Օրը ցերեկով անպատվում է մեզ,
Ասում է՝ այստեղ այգի, բաղ չունեք,
Դուք այս աշխարհում Ղարաբաղ չունեք:

Հիմա է՞լ լռենք, երբ մեր քաղաքում
Շեյխի թոռները շիքաստ են երգում,
Իրենց համարում տիրակալ ու տեր,
Առևանգում են աղջիկներին մեր,
Կաշառքի ուժով պաշտոն են ճանկում,
Մեր սրբությունը ծաղրում, ծանակում:

Հիմա է՞լ լռենք, երբ ղաչաղ Նաբին,
Այդ մարդասպանը, ավազակը բիրտ-
Մաքուր ազգային հերոս է դարձել,
Մեր հայ թատրոնի բեմը բարձրացել,
Երբ Ռասուլ Ռզան ոռնում է ահա.
«Այս հողում ոչ մի Սմբատ չմնա»:

Հիմա է՞լ լռենք, ասեք, հիմա է՞լ,
Երբ մեր վանքերը փարախ են դառել,
Մեսրոպյան գիրը ջնջում քարերից,
Գրում են իրենց անունները պիղծ,
Թե՝ ձայն չհանեք, չխոսեք, տղերք,
Ձեր Ղարաբաղը միշտ մերն է եղել:

Հիմա է՞լ լռենք, երբ Ալի բաբան
Կեղծավոր լեզվով փակել մեր ճամփան,
Մեր ով լինելը, մեր պատիվը թանկ՝
Դրել է ահա հարցականի տակ,
Եվ ցանկանում է մեզնից մեզ վանել,
Իր ճախարակով մեր թելը մանել:

Հիմա է՞լ լռենք, երբ շողոքորթը
Համբուրում է մեզ խեղդողի ոտը,
Մեր տան դռները բացում է խնդուն
Եվ նրան «բարի գալուստ» է մաղթում,
Ոտի տակ ոչխար ու գառ է մորթում,
Թողած մեր աստծոն՝ նրան աղոթում:

Հիմա է՞լ լռենք, երբ գող Բասարը
Թողել իր օբան, թողել իր սարը,
Եկել մեր գլխին դառել տիրակալ,
Եկել մեր գլխին դառել բռնակալ,
Կոկորդ է պատռում. «Ալլահը վկա,
Ալլահից բացի այլ ալլահ չկա»:

Հիմա է՞լ լռենք՝ լռենք, չխոսենք,
Թող մեր փոխարեն քարերը խոսեն,
Մեր քաջ նախնիքը հարություն առնեն,
Թուք-նախատինքով մեզ խեղդեն, վառեն,
Ասեն՝ դուք պատիվ ու նամուս չունեք,
Մինչև ե՞րբ պիտի լռեք ու ներեք:

Մենք, որ ոչ մունջ ենք, ոչ անդամալույծ,
Չենք սարսել կյանքում ոչ մի թշնամուց,
Նույն ուժգնությամբ մեր երակներում
Թե մեր պապերի արյունն է եռում,
Ինչու՞ որբի պես մեր վիզը ծռենք
Եվ ինչու՞ լռենք:

***

Դու հպարտ չես, իմ հայրենիք…

Վ. ՏԵՐՅԱՆ

Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ,
Ինչո՞վ պիտի հպարտանաս-
Զավակներո՞վ քո տարաբախտ,
Թե ծխանիդ ծխով նվազ:
Այդ ե՞րբ այդքան դու հեզացար
Սանձին գերի նժույգի պես,
Քեզանից դու ո՞նց հեռացար,
Որ փնտրում ու չես գտնում քեզ:
Չար կատա՞կ չէր և խաղ մի խենթ,
Բարբարոսի հեգնանք անծիր-
Նշանեցին քեզ հայի հետ,
Բայց թուրքի հետ պսակեցին:
Անուն չունես, սակայն, ավաղ,
Չունես հիմա դու ազգանուն,
Եվ երբ ասում են Ղարաբաղ-
Ծռություն եմ ես հասկանում:

***

Մի՞թե վերջին պոետն եմ ես…

Վ. ՏԵՐՅԱՆ

Կկորչեն հավետ և փառք, և անուն,
Ինչպես հողմի դեմ ծաղկունքը անզոր,
Եվ կգա մի օր, որ Ղարաբաղում
Մի հայ չես գտնի հայերեն խոսող:

Ես կլինեմ քո պոետը վերջին,
Քո վերջին բողոքն ու նամականին:
Ձեռքս կդնեմ իմ անմեղ խղճին,
Ողբամ՝ օ՛, տուր ինձ ծուխն իմ ծխանի:

Քո ողբասացը կլինեմ վերջին,
Օտար ոտքի տակ տրորված ածուդ,
Կլինեմ վերջին հառաչանքը քո,
Վերջին հանդուգն ու վերջին ծաղրածուն:

Եվ ինձ կանվանեն ցնորված ու խենթ
Թոռն ու ծոռները նենգ Փեղամբարի,
Ինձ կքարկոծի ամբոխը անգետ-
Դասական ոճով քսաներորդ դարի:

Եվ ես կլինեմ մոռացված հավետ՝
Վերջին պոետը իմ լեռնաշխարհի:

ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ

Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ:
Քո քաված մեղքն եմ, քո անմեղ մեղան,
Խաչված Հիսուսդ՝ աշխարհին ի ցույց,
Ես՝ վանքում փակված քո խեղճ աբեղան,
Որ հառաչում է իր անհույս սիրուց:
Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ-
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո աղեղը, քո վահանը կուռ
Եվ քո ժայռերի կարծրությունն եմ:
Ամառվա տապին մեղմ զեփյուռ դառած-
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Հարսների աչքին արցունքով վառված-
Ես քո թախիծն ու տրտմությունն եմ:
Վաղվա գեղեցիկ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող-
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ:
Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո իմաստուն համբերությունն եմ,
Մելիք, խան ու բեկ կգան ու կանցնեն,
Ես, սրբազան հող, քո զորությունն եմ:
Ես՝ ապացուցված քո վեհությունը
Եվ քո ոգին ու երգը քաղցրաբառ,
Դու իմ հայրենի օջախն ու տունը,
Ճիչս՝ Ղարաբաղ, խիղճս՝ Ղարաբաղ:

ՎԱՍՆ  ՀՈՒԴԱՅՈՒԹՅԱՆ

Օ՛,  Հուդա, Հուդա,
Դու չես վերանա, քանի որ ծնվել
Ու կծնվեն դեռ նոր Քրիստոսներ,
Նոր առաքյալներ կգան ասպարեզ-
Սուրբ Քրիստոսի լուսապսակով,
Միշտ էլ աշխարհում կշարունակվես,
Քանզի ապրում են հետնորդները քո:

Նոր ուժ ու կորով կառնեն քեզանից
Թոռնեթոռներն ու ծոռները Նեռի,
Համբույրներով ու երդումներով պիղծ-
Հարություն առած կքայլեն նորից.
Բանսարկուների դու քաջ դաշնակից,
Հզոր բարեկամ շողոքորթների:

Նոյից մինչ այսօր անհետ, անանուն
Կորել են քանի՛-քանի ազգ ու ցեղ,
Բայց դու անմահ ես, քանի աշխարհում
Հուդայությունը դեռ չի վերացել:

ՄԵԼԻՔ ԵՍԱՅՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ձերը լինեն ու ձեզ մնան
պարտեզները ոսկեբեհեզ,
Հայրենաշեն մեր լեռների
մի չոր քարն էլ հերիք է մեզ:
Ձերը լինեն ու ձեզ մնան
պալատները ձեր փառավոր,
Մենք մեր անշուք խրճիթի մեջ
և՛ իշխան ենք, և՛ թագավոր:
Ձերը լինեն ու ձեզ մնան
հարեմները ձեր հեշտագին,
Մեր օրենքով սերը մեկն է,
մենք տրված ենք միայն մեկին:
Ձերը լինեն ու ձեզ մնան
աղոթքները ձեր մոգերի,
Մենք մեր ամուր հավատն ունենք,
մեր հավատին ենք մենք գերի:
Ձերը լինեն ու ձեզ մնան և՛ գահ,
և՛ թագ, և՛ փառք, անուն,
Սակայն այնպես դուք ապրեցեք
այս աշխարհում,
Որ այլևս ձեր դաշտերի ագռավները
մեր լեռներում չկռնչան,
Մեր սանձակոծ նժույգները
ձեր դաշտերում չխրխնջան,
Մեր լեռների ջինջ գետերը
չպղտորվեն ձեր հանդերում,
Ձեր աշխարհի սև հողմերը
չգալարվեն մեր արտերում,
Ձեր կռվատենչ զինվորները
մեր լեռներում չհառաչեն,
Մեր լեռների կայծակները
ձեր աշխարհում չշառաչեն:

***

Ղարաբաղ եմ ասում՝
Հոգիս բաց է լինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս լաց է լինում:

Ղարաբաղ եմ ասում՝
Երգս թև է առնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս սև է դառնում:

Ղարաբաղ եմ ասում՝
Երազներ եմ հինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Թևաթափ եմ լինում:

Ղարաբաղ եմ ասում՝
Հավքս ձագ է տալիս,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Պատս ճաք է տալիս:

Ղարաբաղ եմ ասում՝
Սիրտս պար է ընկնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Գլխիս քար է ընկնում:

Ղարաբաղ եմ ասում՝
Դրախտին եմ հասել,
Ղարաբաղ եմ տեսնում…
Ա՛խ, ես ձեր ինչն ասեմ:

1981 թ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s