«ՄԱՄ, ՊԱՊԱՆ ՀԵՐՈՍ Է ԵՂԵԼ, ՉԷ՞…»

-Սեյրանը մարտական մեր «Արծիվ» ջոկատի արծիվներից էր,- այսպես ասում են նրան մոտիկից ճանաչողները` նրա նախկին մարտական ընկերները: Ու ճիշտ են ասում:

-Շարժման առաջին օրից մինչեւ իր մահը` 93-ի մարտի 30-ը պաշտպանական դիրքերում է եղել, լեգենդար Ավոյի հետ, նրա կողքին,-անթաքույց հպարտությամբ պատմում է կինը, որ հիմա հայոց լեզվի ու գրականության ուսիրված ուսուցչուհի է մեր` Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցում: Մասնակցել է Շահումյանի, Դրմբոնի, Մաճկալաշենի, Մարտակերտի, գրեթե բոլոր գյուղերի ազատագրմանը: Ամենակարեւորը. ամենուր իրեն դրսեւորեն է որպես աննկուն մարտիկ, որպես զինվորին շունչ ու հոգի տվող, նրան արիություն ներշնչող սպա: Չմոռանանք ասել, որ նա դասակի ճանաչված հրամանատար է եղել եւ ունեցել է լեյտենանտի զինվորական կոչում:

Լռում է մի պահ, մտորում, թախծում, ապա ձայնի մի առանձին քնքշանք ու մեղմություն տալով` շարունակում:

Լուսինեն (դուստրն է), ընդամենը ինը ամսական է եղել, որ նա զոհվել է: Դե, գիտեք հիմա սովորում է համալսարանում ու լավ է սովորում: Գերազանցիկ է: Տաս-տասներկու տարին ե՞րբ անցավ, չգիտեմ: Բայց ամեն-ամեն ինչ հիշում եմ: Հիշում եմ այս օրվա նման: 92-ի հունիսի 28-ին թուրքերը եկել-հասել էին Կարմիր Շուկա: Ու նա մտահոգված էր խիստ, երեխան մի քանի օրական էր: Ամբողջ օրը ոտքի վրա էր նա, ո’չ քուն ուներ, ո’չ դադար: Զարմացել էր շատ ու զայրացել: Կատաղությունից ու թշնամու հանդեպ ունեցած անզուսպ ատելությունից մի տեսակ շառագունել, կաս-կարմիր էր կտրել: Ի դեպ, այդ օրերին շաբաթներով, ամիսներով տուն չէր գալիս: Պահակակետերում էր, կամավորականների հետ: Հոկտեմբերի սկզբներին մի օր էլ եկավ, թե` ձեր էստեղ մնալը վտանգավոր է դարձել, արի քեզ ու երեխային տանեմ Երեւան: Համաձայնեցի: տարավ: Անցավ մոտ երեք ամիս (ճիշտն ասած չէի սպասում), եկավ ու մեզ նորից տեղափոխեց գյուղ:

-Կամաց-կամաց դրությունը լավանալու է,-ասաց: թշնամին զուր է հոխորտում: Կտեսնես, մերոնք վերջում փշրելու են թուրքի մռութը: Կհիշես իմ այս խոսքը: Այդպես էլ եղավ: բայց ափսոս, որ նա չտեսավ այդ ամենը: Չտեսավ պատերազմի հաղթական ավարտը: Չտեսավ ու գոնե մի օր հանգիստ շունչ շունչ չառավ կրակից ու ծխից, այն օրհասական վիճակից փրկված ու այժմ վերստին ոտքի վրա ամուր կանգնած եւ հաղթական հանգիստ առած մեր սուրբ հողում, Ղարաբաղում:

Ափսո°ս:

Ու, գիտեք, ինչն է ամենից ցավալին: Այն, որ նա, լինելով շրջահայաց ու հնարամիտ, կռվի դաշտում հասել ու փրկել է շատերի կյանքը, բայց ինքը…

-Օմարի լեռնանցքի բարձունքը գրավելուց հետո, ետդարձի ճանապարհին նկատեցին թփերի, քարերի ետեւում դարան մտած թուրք ասկյարներին,- պատմում են ընկերները,- Ավոն հրամայեց` պառկե°լ: Բոլորս իսկույն պառկեցինք, բայց ինքը չգիտես ինչու չենթարկվեց հրամանին (առաջին ու վերջին անգամ) ու փորձեց սողեսող մի քիչ էլ մոտենալ, հանկարծակի առաջ նետվելով` զինաթափել հակառակորդներին: Սակայն հենց այդ պահին թուրք ասկյարի գնդակը խոցեց նրա սիրտը:

Հայրենիքը կորցրեց իր նվիրյալներից եւս մեկին` Սեյրանին, որը դարձավ հավերժի ճամբորդ ու գնաց` միանալու անմահների հոծ բանակին:

Ինչպես պատմում են կարճատեւ մարտից հետո ընկերներին հաջողվում է փախուստի մատնել ազերիներին, փրկել անուն հանած ջոկի հրամանատարի դին` դրանով իսկ հարգանքի վերջին տուրքը մատուցելով նրան: Ի դեպ, արժեսիրով ու երախտագիտությամբ հիշել Սենիկ Գրիգորյանին, որը կրակի տարափի տակ հասել ու շալակելով արյամ մեջ կորած հրամանատարի անշնչացած մարմինը` շուրջ 300 մետրի վրա գերբնական ուժով քայլել ու հասցրել է մեր դիրքերը: Այն էլ ասենք, որ Սենիկից առաջ նույն հանդուգն քայլը կատարել է Վահրամ Բալայանը, դժբախտաբար, ինքն էլ, մահացու վերք ստացել ու Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել:

Ահա այսպես է եղել: Ահա այսպիսին է եղել Սեյրան Ամիլյանը` քաջ կորովի, անվարան ու հավատարիմ իր ուխտին, իր երդմանը: Արիասիրտ մի մարտիկ, սրտացավ, բարի ու կարեկից մի հայ մարդ, մի լավ հրամանատար, որն ամեն մի մարտից առաջ, սիրում էր ենթականերին հիշեցնել (ո՞վ գիտի որերորդ անգամ) Մեծն Նժդեհի բառերը.

«Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել: Հաղթել` ինչ գնով էլ լինի»: Կինը` Ալվինան հուզմունքով ու տրտմությամբ պատմում է նաեւ, որ Մարտակերտի մոտերքում մի անգամ վիրավորվել, բայց դեռ կարգին չբուժված` նորից է շարքում իր տեղը գտել:

Մի փոքր դրվագ եւս, որ խոսում է նրա անսահման նվիրվածության, նրա հայրենասիրության մասին:  Երբ եղբայրը` Պերճիկըվիրավորվել է, նա մի երկու ընկերոջ հետ օգնության է հասել, վերքը կապել, հուսադրել, քաջալերել, ուղարկել հոսպիտալ, ինքը մնացել իր ջոկատի հետ, «իր տղաների» կողքին: Ու ջոկատի տղաները Սեյրանի հետ, Սեյրանի կողքին իրենց անպարտելի են համարել, ամեն ինչ հեշտ են տարել:

Թվում է` այսքանն էլ բավական է համոզելու ու համոզվելու, որ, հիրավի, Սեյրանը պարզ ու հասարակ շինականի որդի Սեյրան Ամիլյանը կռվել ու նահատակվել է հանուն մեր այսօրվա խաղաղ կյանքի, հանուն մեր լեռնաշխարհի, մեր լուսավոր ապագայի:

Նրա աճյունը ամփոված է Գյունե Ճարտարում: Ու թեեւ ողբերգական այն օրից` 93-ի մարտի 30-ից երկար ու ձիգ տարիներ են անցել, թեեւ ֆիզիկապես մեր կողքին չէ նա, բայց նրան ամեն օր սիրով ու կարոտով հիշում են ո°չ միայն թոշակառու ծնողները` Սեդրակնու Լյուսյան, ոչ միայն միակ եղբայն ու երեք քույրերը (Սիլվա, Սեւիլ), այլու բոլոր հարազատները, համագյուղացիները, այն ծանր օրերը նրա հետ մեր սուրբ հողի համար խիզախորեն մարտնչածները:

Նրան գիտեն ու նրանով հպարտանում են բոլորը, իսկ միակ աղջիկը` Լուսինեն, հոր մասին գիտի խնամքով ու գուրգուրանքով պահող նրա մեծ լուսանկարներից «Արծիվ» ջոկատի ողջ մնացած անդամների, նախկին ազատամարտիկների հուշաքարից, գերեզմանատանը կանգնեցված հուշաքարից: Նրան շատ բան է հուշում նաեւ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը, որ տրվել է հետմահու: Ու ամեն անգամ, երբ առանձին ակնածանքով ձեռքն է առնում շքանշանի վկայականը ու լացակումած աչքերով կարդում «հայրենիքի պաշտպանության գործում ու անձնական արիության համար…» բառերը, նորից ու նորից մոտենում, դիմում է մորը. «Մա’մ, պապան հերոս է եղել, չէ՞…»:

Միքայել ԲԱԼՅԱՆ
“Մարտիկ”, թիվ 51, դեկտեմբեր 2003թ.

Միքայել Բալյանը Հադրութի շրանի (ԼՂՀ) Մեծ Թաղլար գյուղից է:
Նախկին հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:
Հիմա` թոշակառու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s